Posted in Uncategorized

Մշակութային Կառնուտ. Հաշվետվություն


IMG_9208

Փետրվարի 9-ին միջին, ավագ դպրոցի սովորողների խումբը Ջուլի Սիմոնյանի, Անի Սարգսյանի հետ ուղևորվեցինք Շիրակի մարզ, գյուղ՝ Կառնուտ։ Ինձ համար գյուղի հետ կապ ստեղծելը շատ սպասված էր և հաճելի, կարևոր համագործակցության սկիզբ։ Արմատներով Կառնուտցի եմ։ Այս գյուղում է ծնվել հայրս, երեք եղբայրներս։ Հորս ընտանիքը՝ Խաչատրյանները, Կառնուտի շատ հարգված ընտանիքներից է եղել, որտեղ ութ երեխա է մեծացել։ Մեր մանկության տարիներին գյուղի նշանավոր վայրերը մեզ համար խաղալու վայրեր էին, ասենք՝ եկեղեցու տարածքը, գյուղի բարձունքն` իր Սուրբ Մինաս սրբատեղիով կամ ջրամբարի տարածքը. Ժամերով կորչում էինք… Հիմա, շատ տարիներ հետո, որոշել եմ մեր սովորողներին ծանոթացնել հայրենի գյուղիս։ Հետաքրքիր զգազողություն է։ Պետք է գյուղդ իրենց աչքով դիտարկես, որ ավելի հետաքրքիր, ամբողջական ու ուսումնական ստացվի։ Մանկության տարիներից մինչև հիմա կապը գյուղի հետ հետզհետե նվազել է։ Հարազատներս վաղուց արդեն դուրս են եկել գյուղից, մնացել է մեկ-երկու տուն։

Օրեր առաջ ներկայացրեցինք ճամփորդության նախագիծը և քննարկումից հետո, տիար Բլեյանի աջակցությամբ ստացանք ուղևորվելու հրաման-համաձայնությունը։ Հետաքրքիրն այն է, որ հիմա, երբ ճանապարհ էի ընկել, մտածում էի՝ բայց ինձ համար է այն թանկ՝ իմ հիշողություններով, իսկ սովորողներիս, ընկերներիս համար այն գրավիչ կլինի արդյո՞ք։ Դե, արդեն որոշել ենք. գնում ենք։ Նախնական պայմանավորվածություն ունեինք հարազատ գյուղի հետ՝ հարազատների, դպրոցի տնօրեն՝ Հայկուհի Հովհաննիսյանի հետ։ Սպասում են…

Ախուրյանից գյուղ, ճանապարհն արդեն մի քանի տարի է վերակառուցված է. արդեն լավ սկիզբ էր։ Գյուղում մեզ դիմավորեց ազգականս՝ Սևակը՝ դպրոցում պատմություն է դասավանդում։ Ուղեկցեց Կառնուտի ջրամբար։ Այս տեղանքի հետ վատ հիշողություններ ունեմ, բայց հիշաչար չեմ, չեմ կարող չհիանալ ջրամբարի ձմեռային չքնաղ տեսարանով։ Շատ տպավորիչ էր սառցակալված լիճը իր պարզությամբ, պլատինով, աշտարակով, տախտակամածով. Ուրիշ աշխարհ էր՝ կտրված մարդկությունից, ձայնից, կենդանությունից։ Լսեցինք ջրամբարի նշանակության մասին, ստեղծման պատմությունը, նկարեցինք, նկարվեցինք ու երկրորդ շնչին արդեն բոլորս ձյան մեջ խաղում էինք։ Ուրախություն…Դե, վերջապես ձյուն տեսանք։ Հաջորդը՝ դպրոցն էր։ Ընդունելությունից ուղղակի կարկամել էի, որովհետև ես չէի պատկերացնի, որ այսքան հարազատ ու ջերմ ընդունելություն է լինելու։ Ամեն ինչ մտածված էր՝ պարով, ծափով, հյուրասիրությունով, որը ի դեպ՝ սովորողների և ծնողական համայնքի նախաձեռնությունն էր։ Հ. Հովհաննիսյանն ամեն ինչ կազմակերպել էր այնպես, որ ես հպարտանամ իմ գյուղի հյուրընկալումով։ Շնորհակալ եմ։

Նախագծային ուղղությունները մի քանիսն էին՝ կրթական փոխանակում, պատմական վայրերի այցելություն, հետագա զարգացումներ՝ կացարանային հարցի ուսումնասիրում։

Տեսանյութերով ներկայացնում եմ ճամփորդության հաշվետվությունը։

Կինո-ֆոտո խմբի գործունությունը.

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Լուսանկարները՝ Էլեն Սարատիկյանի (9-րդ դաս.)

Լուսանկարները` Անի Սարգսյանի, Ախուրյանի ջրամբար

Սովորողների բլոգային պատումները կներկայացնենք նաև կրթահամալիրի կայքում։

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a comment