Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Uncategorized

Արատեսն անվերջ բացահայտումների աշխարհ…


Կրկին իմ սիրո մասին պիտի պատմեմ, որի անունն է Ա-րա-տես. Ողջույն, սիրելիս: Այստեղ են իմ հրճվանքների, բացահայտումների, դժվարությունների, հայացքների, խոհերի օրերը: Մինչև քեզ հասնելը ուխտ ունեմ անցնելու. Ջրովանք պիտի հասնեմ: Ջրովանքի հմայքն ավելին էր, քան պատկերացնում էի. համեստ էր , բայց խոհրդավոր: Հասնելու համար բարձունք հաղթահարեցինք, բայց գտանք կիրճում: Իսկ ուխտս ճամփորդների անփորձանք անցումների, մարդկանց ջերմ ու բարի հայացքների մասին էր: Հմայիչ վայր էր, ինչ խոսք՝ գյուղի պապիկների նստատեղիով, ողջույններով, խոսքով…: Այս հատվածն ավարտեցինք: Հասանք Արատեսի քարավանատուն, ինչպես ասում են՝«дом, милый дом»: Մեր արշավախումբը մուտքի ճամբարականներն էին և մեր սովորողները: Որպես նոր փորձություն՝ այս անգամ փորձեցինք Արատես գետի հոսքին հակառակ կիրճով քայլք կազմակերպել: Փորձությունը շատ դժվար էր բոլորի համար, ինքս օպերատորություն էի անում, բայց ընկերներս` Տարոնը, Վարդուհին, Նարեկը, Ռոբերտը, Արշակը, Զարինեն և տարատարիք սովորողնե գետում իսկական մկրտություն անցան: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ բոլորը, իրար հերթ չտալով, հիշում էին ու պատմում իրենց արկածները:

Փառատոնային աշխատանքները Հասմիկ Գրիգորյանն էր համակարգում: Իր շուրջը հավաքելով ճամբարականներին՝ իսկական պլեներային միջավայր էր ստեղծել: 

Դե, Արատեսի մառանը շարունակում է համալրվել: Այստեղ միրգն անընդհատ է: Այս անգամ քաղցր սալորներից ու մեր տարած հոնից կոմպոտ ենք պատրաստել: Շատ լավ ստացվեց: Հաջորդը տանձն է, խնձորը…

Ամեն այցի ժամանակ մեր Արատեսի ցանկացած փոփոխություն ինձ ուրախացնում է, օրինակ՝ այս անգամ նորություն էր մարզիկների ստեղծած բասկետբոլի հարմարությունը: Ճամբարականները շատ էին սիրում խաղալ ու հավաքվել այդ հատվածում: Մեր խմբի հետ էին կամավոր մարզիկներ Նարեկ Կարապետյանը և Ռոբերտ Խաչատրյանը: Նրանց շուրջ շատ արագ ու սիրով էին հավաքվում, և կազմակերպվում էին մարզական ժամերը. դրանք տարբեր մրցույթային խաղեր էին, որին բոլորն էին մասնակցում: Տղաները տարբեր հարցերում էին օգնում՝ խարույկ, գետի անցում, արշավ, տարածքի խնամք, անվտանգության կազմակերպում և այլն: Ինձ համար ուրախալի էր մեղվապահի տան բարեկարգումը: Այ, այսպիսի պատերի մասին էի խոսում. լավ էր ստացվել: Ինձ դուր եկավ, որ նախկին ոճը պահպանված է: Իսկ մեղրի մասին խոսք չկա… Ես մեղր տեսած մարդ եմ, գիտեք. իսկապես լավ բերք էր ստացվել. Շնորհակալ ենք: 

Հորբատեղ գյուղ առաջին անգամ էր այցելում մեր խումբը, և, քանի որ մեր բարեկամ Արտաբույնքով էինք անցնելու, ըստ նախնական պայմանավորվածության դեպի ստորգետնյա ջրերը քայլեցինք մեր ընկերների ուղեկցությամբ: Արդեն ունենք գյուղի պատանիներից կազմված մի լավ խումբ, որը մեզ ամեն անգամ արշավների է ուղեկցում: Մի ընկերական զանգ, և մեր կողքին են: Կեցցե՛ն տղաները: 

Մեր հետ ճամփորդում էր Լեո Աղաբեկյանի հայրիկը՝ Դավիթ Աղաբեկյանը: Դավիթը շատ չէր արտահայտվում, զգացողությունների մասին, բայց կարծում եմ լավ ընկերություն ստեղծվեց: Մենք սիրեցինք Լեոյի ընտանիքը, իսկ տպավորությունների մասին կարծում եմ հայր ու որդի դեռ կխոսեն: 

Իմ տպավորությունները ավելին են քան կարողանում եմ դրանց մասին խոսել: Սրանք բովանդակության մասից մի քանի կարևոր կետեր էին, որ չէի կարող չնշել, իսկ մնացածը սովորողների բլոգներում…

 

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s