Posted in Ճամփորդությունների և ճամբարների նախագծեր, Ուսումնական մառան, Uncategorized

Արատես. Այստեղ ես տանն եմ՝ ինձ հետ


109596951_183645789852003_9099581830596214344_n

Այս կարանտինային իրավիճակների շղարշը պատռելով, ուզում ես փախչել ինչ-որ պարտադրանքներից, պրծնես հետևող աչքից, լուրերից, առօրյայից… Դե, չգիտես էլ ինչպես կազմակերպես ապրելակերպդ, որ չծերանաս, որ ռիթմդ պահպանես, որ գույն տեսնես, որ մի կտոր մաքուր օդ շնչես: Ու երկար մտածելու բան չկա, որովհետև ճամփորդելն ու աշխատանքային ռիթմը մեզ համար իսկական հակավիրուս է: Եվ ուրեմն՝ ողջույն արատեսյան սեր, ես քեզ կարոտել էի:

Սիրուն խումբ, սիրելի մարդկանցով հայտնվեցինք Արատես տանող ճանապարհին: Երևան-Արատես անցանք ճամփաներին կարոտած, լիքը-լիքը սպասումներով, հայացքներով…

Կանգառները` Հայրավանք, Կոթավանք, Սելիմի քարավանատուն

Սա իմ յոթերորդ ճամբարումն է Արատեսում, բայց այս ամսին երբեք չէի եղել: Պարզվում է այստեղ էլ է տիրում տապը: Սմբատաբերդը երրորդ անգամ նվաճելու ցանկությունս իսկական մարտահրավեր էր ինձ. այս շոգը… ճանապարհի աղբյուրների ջրերն էլ մեզ պարգև:

Արատեսի քարվանսարան մեզ դիմավորեց երեկոյան: Ինչ լավ է, որ դու կաս, իմ սիրուն Արատես՝ խաղաղ, գրկող, հասկացող. այստեղ ես տանն եմ՝ ինձ հետ:

Կանաչ դեղատուն ստեղծելու իմ նախագիծը երբեք չէինք բերել հավաքագրման տեսքի, իսկ հիմա մեր Արատեսի մառանում ունենք այդպիսի անկյուն, որտեղ բոլոր խմբերը իրենց հավաքած դեղաբույսերի և օգտակար խոտաբույսերի անկյունը կհամալրեն, կավելացնեն: Դե, քարվանսարայում հայտնված ճամփորդը հնարավոր է մի դեղորայք էլ իր հետ վերցրած չլինի կամ չիմանա, թե ինչ բնական միջոց կա նաև թարմանալու, կազդուրվելու և այդտեղ կարող է օգտվել մեր կանաչ դեղատնից:

Արատեսում ունենք մի շատ կարևոր հատված՝ տնտեսական սենյակ, որտեղ կա լվածքի մեքենա, արդուկ, անկողիններ, սպիտակեղեն, նստոտելու բարձեր, ներքնակներ, քնապարկեր. մեր խումբը ստեղծեց նաև արդուկի փափուկ սեղան, որոշեցինք ձեռք բերել կար ու ձևի համար անհրաժեշտ պարագաներ՝ թելերի, մկրատների և այլ միջոցների հավաքածուներ, անհրաժեշտություն կա նաև սպիտակեղենը կոկիկ պահելու համար նոր, մաքուր պահարան:

Երկրորդ օրը սկսեցինք քայլել դեպի Սևաժառ լեռը: Չնայած որ օրվա խիստ շոգ էր և նաև Սմբատաբերդի բարձունքի հետևանքները, միևնույնն է փորձեցինք նվաճել: Ճանապարհը շատ խոտածածկ էր, ծաղկած, գունավոր… Շատ քայլեցինք, թե քիչ, բայց լեռը մինչև վերջ չստացվեց հաղթահարել. շոգը ուղղակի վտանգավոր համարեցինք:

«Մրգերի հետևից դեպի Արատես» իմ ճամփորդության վերնագիրը կարծես թե ստացվեց: Նախատեսված էր տարածքում աճող մրգերի բերքահավաք և նաև մեր դպրոցի չրանոցի համար նոր կապերի միջոցով միրգ ձեռք բերելու համար: Արատեսի պարտեզը այս տարի բերքառատ է՝ խնձորով, սալորով, բալով, վայրի տանձով, մասուրով, ալոճով և այլն: Իմ գործընկերների միջոցով պայմանավորվել ենք մրգերի գնումներ կազմակերպել այդ տարածաշրջաններից, իսկ հիմա՝ բալահավաք, թե մառանը կյանքի կոչելու և, թե դպրոցի չրանոցում չիր պատրաստելու համար:

Մեր Արատեսի մառանը սկսեցինք գործածել, որպես իսկական տնտեսության պահոց, որտեղ դուռը բացելիս պետք է երևա ամռան աշխատանքը, որը նախատեսված է ձմեռվա համար: Սա լավ շարունակական նախագիծ է այս ամիսների համար: Ունեցեք ձեր արատեսյան բարիքը Արատեսում:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s