Posted in Հոդվածներ, Մայիսյան հավաք, Uncategorized

Այսպիսի դպրոցը մեր ձեռքբերումն է


logo

Հեռավար առցանց շրջանում ես դարձա սովորող-ծնող կապի հանգույցը. սկսեցի կազմակերպել սովորողի հեռահար դասերի իրականացման աշխատանքները: Իմ դերը դարձավ խորհրդատվությունը և ընտանիքի հետ մշտապես կապի մեջ լինելը: Սկսեցի ծնողին, սովորողին ծանոթացնել նոր օնլայն հարթակների հետ, աշխատել տեխնիկական հարցերի կարգավորումից մինչև ուղղորդումը դեպի սովորողի հետաքրքրությունները, ինքնակրթությունը, դրանք ներկայացնելու ձևը, իրականացրեցի խորհրդատվություն՝ ընտանեկան զբաղվածությունները, առօրյան ներկայացնելու, պատմելու վերաբերյալ: Սկսվեցին անհատական աշխատանքները սովորողի և ծնողի հետ: Սկզբից թվում էր, թե մի նոր փուլ ենք մտնում, մի նոր բան է լինելու բոլորիս կյանքում, մի կերպ մի բան փրկելու շրջան է լինելու… Շատ արագ հասկանալի դարձավ, որ սա մեր գործի շարունակությունն է ընտանիքներում: Այս փուլը տարբերվելու է մի պարզ իրականությամբ`սովորողի դպրոցը դառնում է ընտանիքը, իսկ ղեկավարը դառնում է ծնողը:

Մեջբերում Արսեն Մելքումյանի ծնողի գրառումից։

Կարծում եմ այս կարճ ժամանակահատվածում բոլոր այն ծնողները, որ միշտ համամիտ չեն եղել ուսուցիչների հետ իրենց երեխայի գիտելիքների և որ ամենաանկարևորն է՝ գնահատականների հետ, հիմա արդեն ուրիշ տեսակետ ունեն։ Ընտանեկան դպրոցը, կարծում եմ, ճիշտ տարբերակ է սեփական երեխայի հնարավորությունները գնահատելու համար, սակայն պահանջում է նաև ծնողի կողմից ներդրում, որն անկեղծ ասած երբեմն ժամանակի ու տարածության խնդիր է առաջացնում տեսադասերի և ռադիոնյութերի դեպքում։ Ու հենց այդ ժամանակ երեխաները փորձում են հաշվի նստել իրենց չսովորելու պատճառների հետ։ Չնայած այս օրերին ծնողների մեծամասնությունը, կարծում եմ, չունի այդ ժամանակի խնդիրը և մնում է զուտ ցանկությունն ու պատասխանատվությունը։ Լինելով սեբաստացի ծնող՝ կարող եմ ասել, որ ընտանեկան դպրոցը իմ երեխայի վրա ուսման տեսանկյունից դրական ազդեցություն ունեցավ, իսկ ինձ հնարավորություն տվեց հասկանալու, թե որտեղ և ինչ բացթողում ունենք. դրանք լրացնելու համար ժամանակը հաստատ կբավականացնի։

Երբեք մեր սովորողի ծնողն այսքան մոտ չի եղել ուսուցմանը, իր երեխայի կրթությանը, ինչպես հիմա է: Խորհուրդ են հարցնում՝ այսինչը ինչպե՞ս ներկայացնենք, կամ այսպես ճիշտ կլինի՞. խոսում են իրենց անունից, առաջին դեմքով, որովհետև սովորողի աշխատանքը դարձել է նաև ծնողինը: Նա և՛ սովորող է, և՛ աշխատանքի ղեկավար: Ծնողները սկսեցին հենց սովորողի բլոգում հրապարակումներ կատարել (ո՜ւր հասավ ուսուցումը), պատմել իրենց առօրյայի նոր կազմակերպման մասին: Քանի որ շաբաթվա վերջում սովորողները ամփոփում են իրենց մեկշաբաթյա ընտանեկան ուսուցումը, այս անգամ Հայկ Պետրոսյանի մայրիկն է պատմել իրենց նոր ուսումնական փուլի կազմակերպման մասին։

Սկսենք սկզբից․ տանը խառնաշփոթ է․ միաժամանակ կրթվում և աշխատում ենք բոլորս միասին։ Բոլոր սենյակները զբաղված են։ Հասկանալով, որ այդպես երկար չի կարող շարունակվել, ընտանեկան ժողով արեցինք և փորձեցինք կարգավորել մեր օրվա գրաֆիկը։ Աշխատանքային հնարավոր բոլոր հանդիպումները տեղափոխվեցին 16։00-ից հետո, իսկ օրվա առաջին մասը տրամադրվեց բոլորիս կրթությանը։ Ինչու եմ գրում՝ բոլորիս կրթությանը, քանի որ օնլայն դասընթացը մեզ տվեց այդ հնարավորությունը։ Միասին սկսեցինք լուծել մաթեմատիկայի խնդիրներ, վերհիշեցինք գրականության այն ցանկը, որ վաղուց չէինք ընթերցել և ոչ միայն սկսեցինք վերընթերցել, այլև հնարավորություն ունեցանք մասնակցելու քննարկումներին։ Աշխարհագրության դասին մասնակցելը պարտադիր պայման է, քանի որ առարկայի մատուցման ձևը և ստեղծագործ մոտեցումը շատ գրավիչ է։ Այս ժամանակահատվածը ինձ օգնեց ճանաչելու տղայիս, հասկանալու, թե ինչպիսին է նա դասերի ժամանակ, իր ընկերի հետ ինչպես է շփվում, ովքեր են իր ընկերները, ինչ են նրանք մտածում և ինչ նախասիրություններ ունեն։ Եվ ի վերջո, սկսեցի պատկերացում կազմել ուսուցչի դժվար աշխատանքի մասին:

Ժամանակը ցույց տվեց, որ սկսեցինք գործ ունենալ ընտանեկան դպրոցի հետ: Այս փաստն ավելի է զգոնացնում բոլորիս: Ամեն սովորողի ետևում պատվիրատու ծնողն է կանգնած, և պետք է պատշաճ համագործակցություն: Սկսվեց անհատական խորհրդատվության պահանջի տարափ: Այն նկատվեց Զատկական ծեսի ժամանակ, բնագիտական առարկաների լաբորատոր աշխատանքների ժամանակ, բակ ու դուռ ունեցող սովորողի հետ աշխատելիս, կարողությունների ուսումնասիրությունների ժամանակ, մարզումները ցուցադրելու, կամ նոր հնարքների ժամանակ: Դրանց հետ մեկտեղ, եղան սովորողի կողմից շատ սիրված ինքնաբուխ նախագծերի ցուցադրումներ, օրինակ՝ խոհանոցային կարողությունների, ընտանեկան թատրոն-բեմականցումների, իրենց ընտանիքի փոքրիկների ներկայացումով, կենդանիների կամ մի նկարի պատմության ներկայացումով և այլն: Այս նախագծերը, որոնք սկսում էի քննարկել խմբերում, զարգացում էին ստանում, սկսվում էին երևալ ընտանեկան նախագծերը: Իսկ երբ հրապարակում էի իմ բլոգում կամ կայքում և ներկայացնում որպես ընտանեկան նախագծային փաթեթներ, արդեն նկատվում էր զգալի ակտիվություն միմյանց ընդօրինակելու, ուրիշ մի բան ներկայացնելու. այսինքն՝ վարակիչ ուսուցման փուլ սկսվեց: Իմ մեկշաբաթյա փաթեթում գրանցեցի 140-ից ավելի ընտանեկան տեսագրություններ: Պետք է խոստովանեմ, որ ինձ շատ ոգևորեց այսպիսի ընտանեկան ուսուցումը: Ես կատարում եմ մանկավարժական ամենահետաքրքիր աշխատանքը՝ խորհրդատվություն, ուսումնասիրություն: Ես գոհ եմ այսպիսի հնարավորությունից և շնորհակալ եմ մեր ստեղծած ինքնավար և ստեղծագործ ընտանեկան դպրոցին:

Ծնողներից շատերի հետ առիթ չեմ ունեցել այսքան մոտիկից աշխատելու, գուցե մեկ-երկու անգամ հանդիպել ենք, չէ՞ որ առցանց աշխատանքը միշտ է եղել, իսկ ֆիզիկական հանդիպումները եղել են ծնողի ցանկությամբ: Շատ հետաքրքիր ծնողների բացահատեցի այս փուլում, որովհետև երբ ֆիզիկական միջավայրում էինք, նա իր գործն ուներ և այսքան մեծ չէր մեր շփումը: Հատկապես բացահայտեցի մեր նորեկ սովորողների ծնողներին, որ իրենց գոհունակությունն ու զարմանքն են արտահայտում այսքան արագ և սահուն կրթական անցումների վերաբերյալ: Ուզում եմ ներկայացնել Ամալյա Զաքարյանի ծնողի արձագանքը մեր ընտանեկան ուսուցման վերաբերյալ: Ամալյան կրթահամալիրում սովորում է մեկ տարի:

Դեռ մինչ այս իրադարձությունները, երբ դուստրս նոր էր տեղափոխվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որպես հոգատար ծնող փորձում էի հետաքրքրվել, տեղեկանալ նոր դպրոցում, նոր շրջապատում, իր համար բոլորովին նոր կրթական տեխնոլոգիաներով միջավայրում ինչպես է անցնում նրա առօրյան: Եվ երբ երեկոյան Ամալյան պատմում էր իր տպավորությունները, դրանք ինձ հետաքրքրում էին ավելին, քան դստեր դասերով անհանգստացող մոր հետաքրքրություններն են: Ինքս լինելով տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներով դասախոսություններ վարող դասախոս, փորձում եմ հնարավոր բոլոր միջոցներով հարստացնել գիտելիքներս կրթական նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ: Եվ ահա դստերս նոր դպրոցը կարծես օգնական էր ինձ այդ հարցում: Բայց ամեն անգամ ժամանակը չէր բավականացնում, որ խորությամբ ուսումնասիրեի՝ ինչպես են կազմակերպվում նրանց դասերը: Եվ ահա եկավ չարիքը՝ COVID-19-ը, որի բարիքն եղավ այն, որ դպրոցն ամբողջությամբ «տեղափոխվեց» մեր տուն, և ես առավոտից երեկո ականատեսն էի ամբողջ կրթական գործընթացի:
Ճիշտ են ասում, որ չկա չարիք առանց բարիքի: Եվ այդ բարիքը դարձավ ընտանեկան դպրոց ձևաչափը, որով այս օրերին կազմակերպվում են դստերս դասերը: Մինչ այդ մենք՝ ծնողներս, մեր զավակների կրթության գործընթացից մասնակից էինք դառնում ժամանակ առ ժամանակ դպրոց այցելելով, երեկոները՝ անհրաժեշտության դեպքում օգնելով: Մենք հիմա դարձել ենք նրանց դասերի ամենօրյա ականատեսներն ու մասնակիցները, սովորում ենք միասին, դասերը պատրաստում ամբողջ ընտանիքով: Իսկ տարբեր թեմատիկ նախագծերն այնքան են հետաքրքրել բոլորիս, որ յուրաքանչյուրս փորձում ենք այդ նախագծերում մեր փոքրիկ դերն ունենալ, նույնիսկ մեր ընտանիքի նոր անդամ Միմի շնիկը: Ասեմ ավելին, մեր առօրյան այս օրերին կազմակերպում ենք ըստ դասացուցակի:

Այս օրերին ինձ մոտ նույնիսկ միտք հղացավ կազմակերպել փորձի փոխանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Ագրարային համալսարանի միջև, որտեղ ես դասախոսում եմ, քանի որ մեր ուսանողների մեդիագրագիտությունը այդ փորձի փոխանակումից միայն կշահի: Չեմ չափազանցնի, եթե ասեմ՝ կրթահամալիրն այս հարցում առաջամարտիկ է հայրենական բոլոր կրթօջախների շարքում:

Առանձնակի կարևորում եմ սովորողի բլոգի դերը, և հենց այդ գործիքն եմ ցանկանում օգտագործել մեր համալսարանական պրակտիկայում: Դրանք յուրօրինակ պորտֆոլիոներ են յուրաքանչյուր սովորողի համար, որոնք ավելի խոսուն են, քան ամենագրագետ կազմված ռեզյումեն: Ընտանեկան դպրոցի գաղափարն ինձ այնքան է հետաքրքրել, որ որոշել եմ առաջիկա դասաժամերից մեկը կազմակերպել ուսանողներիս և իրենց ծնողների հետ համատեղ:

Այս շրջանում սովորողներից շատերը այնքան ակտիվ էին ընտանեկան նախագծերով, որ ես որոշեցի կայքում շատերին ներկայացնել իրենց ընտանեկան փաթեթներով, որովհետև լավագույն ցուցադրությունը՝ սովորողին ճանաչելու, առօրյան հասկանալու, դա էր: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարդը այսպիսի շրջանի է սպասել, որ իր ողջ կարողությունն ու ցուցադրելու նյութերը այս ձևաչափում ներկայացնի, և սա լավ առիթ է, պետք է շարունակել, դարձնել ուսուցման կարևոր բաղկացուցիչ:

Մարգարիտ Պետրոսյանի ընտանեկան նախագծային տեսաֆիլմերից սկսեցինք լավ ճանաչել իրենց ընտանիքի անդամներին՝ հայրիկին, որ սիրում է համեղ պատրաստել, մայրիկին վաղուց գիտեինք. վարպետության ցուցադրությամբ հրավիրել էինք կրթահամալիր: Հրաշալի տիկնիկագործ է, խոհարար, սիրեցինք իրենց խնամված այգին՝ հետաքրքիր գյուղական տնտեսությունով, որտեղ ունեն կենդանիներ, թռչուններ, մարզվելու հարմար բակ: Մարգարիտը գտել է նկարահանելու խորամանկ հնարքները, որպեսզի ոչ բոլորը երևան կադրում, բայց գործունեությունը երևա. սա էլ կարևոր կարողությունների ձեռքբերում է: Վերջերս իր բլոգային ուսումնասիրությունների տեսանյութը ներկայացրեց, որտեղ երևում է նրա խաղաղ, կոկիկ աշխատանքային անկյունը, կազմակերպված աշխատանքը: Մի քանի աշխատանք.

Արմեն Մարտիրոսյանը ընտանեկան ուսուցման այս փուլում շատ տարբերվում է: Լուրջ զբաղվում է նաև  լրացուցիչ կրթությամբ՝ սպորտ և նկարչություն: Ժամերով կարելի է Արմենի բլոգը ուսումնասիրել, հիանալ նրա ընտանեկան նախագծերով, կոկիկությամբ ու սիրել Արմենի ընտանիքը: Ընտանեկան դպրոցը Արմենի կյանքում լուրջ փոփոխություն բերեց: Կարծում եմ՝ Արմենը դարձավ ավելի ինքնավստահ և ուժեղ: Մի քանի աշխատանք.

Այսպես կարող եմ երկար թվարկել ընտանեկան ուսուցման բացահայտումները: Այսպիսի դպրոցը մեր ձեռքբերումն է, մեր անընդհատ ուսումնասիրությունների և ուշադրության համագործակցության պատասխանը: Երանի մեզ, երանի մեր սովորողին, երանի մեր ընտանեկան դպրոցի ղեկավարին: Լավ է, որ ունենք անընդհատ սովորելու, ստեղծագործելու այսպիսի լայն հնարավորություն:

Author:

Սիրում եմ ճամփորդել իմ Հայաստան աշխարհով: Սովորում եմ իմ սովորողներից, ապրում եմ ամենքով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s